ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հետխաղյա 11–մետրանոցներով պարտվեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմին։
«Նոան» միանշանակ ֆավորիտ էր համարվում «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ դիմակայությունում։ Նույնիսկ առաջին խաղում մերոնք կարող էին վճռել այց մրցավեճի ելքը։ Բայց արագ գոլ խփելուց հետո «Նոան» գնդակ ընդունեց սեփական դարպասը, ու պատասխան խաղում ամեն ինչ սկսվում էր սկզբից։ Հայկական թիմը միանշանակ առավելություն ուներ ֆուտբոլային վիճակագրության բոլոր առումներով, բայց մինչև ընդմիջում այդպես էլ չկարողացավ ճեղքել Ջիբրալթարի չեմպիոնի զանգվածային պաշպանությունը։ Իսկ երբ երկար ժամանակ ունենալով առավելություն` գոլ չես խփում, խաղի լարվածությունը ավելանում է։ Տպավորություն էլ կար, որ եթե «Նոան» բացի խաղի հաշիվը, կզարգացնի իր առավելությունը։
Երկրորդ խաղակեսի սկզբում վտանգավոր պահեր եղան, ընդ որում` Օգնեն Չանչարևիչը փրկեց «Նոային» վերահաս գոլից։ Իսկ 64-րդ րոպեին «Նոան» պարտավոր էր բացել խաղի հաշիվը, բայց Մարին Յակոլիշը, շրջանցելով դարպասապահին, «չտեսավ» դատարկ դարպասը, և գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Հետո էլ Մաթեուս Այասը վրիպեց նպաստավոր դիրքից։ Պահեր ունեինք, ընդ որում` գոլային ու իրական, բայց զրոյական արդյունք։
Հյուրերը նույնիսկ չէին էլ մտածում գրոհել։ Եվ նման պայմաններում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, հետո էլ հաղթողը որոշվեց հետխաղյա 11–մետրանոց հարվածաշարում։ Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը, ու «Նոան» գերանակնկալ մատուցեց` ճանապարհը զիջելով կարգով ցածր թիմին։
Հաջորդ խաղը արդեն Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆում «Նոան» անցկացնելու է օգոստոսի 21-ին։ Մեր թիմը արտագնա խաղում մրցելու է «Օլիմպիա»(Սլովենիա) – «Էգնատիա»(Ալբանիա) զույգի հաղթողի հետ։