Իսրայելը Գազայի բնակիչներին այլ երկրներ տեղափոխելու շուրջ բանակցություններ է վարում

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է իրագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գազայի բնակչության մեծ մասին վերաբնակեցնելու գաղափարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու հարցով բանակցում է 5 երկրի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN–ը` հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի:
«Բանակցություններին մասնակցում են Հարավային Սուդանը, Սոմալիլենդը, Եթովպիան, Լիբիան և Ինդոնեզիան։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ երկրները ձգտում են զգալի ֆինանսական և միջազգային փոխհատուցում ստանալ Գազայի ավելի քան 2 մլն բնակչության մի մասին ընդունելու դիմաց», - նշում է հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի` պարզ չէ, թե ինչ փուլում են այդ բանակցությունները։
Հուլիսին «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ, որպեսզի օգնություն խնդրի՝ համոզելու այլ երկրներին ընդունել պաղեստինցիներին, որոնց պատրաստվում են վերաբնակեցնել Գազայի հատվածից: Աղբյուրների խոսքով՝ Բարնեան Ուիտկոֆին հայտնել է, որ մեծ թվով պաղեստինցիների ընդունելու պատրաստակամություն են հայտնել Եթովպիան, Ինդոնեզիան և Լիբիան։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: