ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ռուս–ուկրաինական հակամարտությունում անհապաղ հրադադար հաստատելու շուրջ համաձայնության հասնել, բայց կարծում է` 25 տոկոս է հավանականությունը, որ բանակցություններն անհաջող կավարտվեն։ Նա այդ մասին ասել է լրագրողներին։
«Կարծում եմ՝ Պուտինն ուզում է դա անել: Ուկրաինայի հակամարտությունը կանգնեցնելը հավանաբար ամենադժվարն է», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է` մտադիր է Ռուսաստանին և Ուկրաինային հնարավորություն տալ, որ ինքնուրույն քննարկեն կարգավորման հարցը:
Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկրորդ հանդիպում կազմակերպելու համար կզանգի Զելենսկուն։ Հանդիպման համար դիտարկվում են երեք հնարավոր վայրեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամենահեշտը կլինի այդ հանդիպումը նույնպես անցկացնել Ալյասկայում։
Նա հավելել է` ինքն ամենադժվար ընդդիմախոսն է, որի հետ երբևէ գործ է ունեցել Պուտինը, և ՌԴ նախագահը գիտի այդ մասին։
Թրամփը հաստատել է` ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցների դիմել, եթե Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումն անհաջողությամբ պսակվի։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, նրա առաջնահերթությունը դիվանագիտությունն է: Նշվել էր նաև, որ Պուտինի հետ հանդիպմանը Թրամփը ցանկանում է բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել ուկրաինական հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):
Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան պատվիրակությունների մյուս անդամները: