Լավրովը կմասնակցի Ռուսաստան – ԱՄՆ գագաթնաժողովին. Ֆադեև

Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 15-ին Ալյասկայում կմասնակցի ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Այո՛, ես կարող եմ հաստատել Լավրովի մասնակցությունն այդ միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել առաջիկա ուրբաթ Ալյասկայում», - ասել է նա:
Խոսելով գագաթնաժողովի օրակարգի մասին՝ դիվանագետն առաջարկել է այդ հարցը վերահասցեագրել ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
«Ինչպես հայտնի է, ամերիկյան` հատկապես նախորդ վարչակազմերի աշխատանքի ընթացքում երկու երկրների հարաբերությունները զգալիորեն թուլացել են։ Այս հանդիպումը, կարծում ենք, պետք է թույլ տա առաջնորդներին կենտրոնանալ կուտակված բոլոր հարցերի քննարկման վրա՝ սկսած ուկրաինական ճգնաժամից և վերջացրած բնականոն, ֆունկցիոնալ երկկողմ երկխոսության կայացման խոչընդոտներով, որը կարևորագույն նշանակություն ունի միջազգային խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից», - ընդգծել է Ֆադեևը։
Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունը նախորդ շաբաթ հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին կհանդիպեն Ալյասկայում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը օգոստոսի 12-ին հայտնեց, որ հանդիպումը կանցկացվի Ալյասկայի Անքորիջ քաղաքում: