ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ հասցված հարվածները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։ Այս մասին ասվում է «Ռոսատոմի» հայտարարության մեջ։
«Չդադարող գնդակոծություններն ուղիղ սպառնալիք են ստեղծում կայանի կրիտիկական ենթակառուցվածքի ֆիզիկական ամբողջականության համար, ինչը կարող է հանգեցնել ծանր հետևանքների»,– ընդգծել է «Ռոսատոմը»։
Նշվում է, որ այսօր առավոտից Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրետակոծության են ենթարկել Զապորոժիեի ատոմակայանին հարող օբյեկտների ու արդյունաբերական գոտու տարածքները: Բարեբախտաբար, զոհեր և ավերածություններ չկան։ Նման հարձակում էր իրականացվել նաև մեկ օր առաջ։
Հրետակոծության հետևանքով հրդեհ էր բռնկվել կայանի հիդրոտեխնիկական կառույցների հատվածում։ Կրակը հաջողվել է մեկուսացնել էներգաբլոկից 700 մետր հեռավորության վրա։ Հրդեհը մարվել է ԱԻՆ աշխատակիցների ուժերով, որոնք վտանգել են իրենց կյանքը, քանի որ հակառակորդը ԱԹՍ-ով թիրախային հարվածներ է հասցրել ժամանող հրշեջ հաշվարկներին։
«Վերջին ամսում ատոմակայանի և հարակից տարածքների վրա հարձակումների ինտենսիվությունն աճել է, ինչն արդեն զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում։ Վերջին երեք շաբաթում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Էներգոդարի երեք բնակիչ է մահացել՝ երկու տղամարդ և թոշակառու կին», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: