ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելիս պետք է հաշվի նստել ռուս սահմանապահների ներկայության հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ պատասխանելով Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների կողմից օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը մեկնաբանելու խնդրանքին։
Նա նշել է, որ Ռուսաստանը գործող է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-22 թվականների եռակողմ պայմանավորվածությունները, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ պայմանավորվածություններից դուրս գալու մասին:
Ռուսաստանի ԱԳՆ-ն և ղեկավարությունը բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է աջակցել գործընկերներին հարաբերությունների կարգավորման հարցում։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնում իր կարծիքը, քանի դեռ չի ուսումնասիրել նախագծի մանրամասները, որոնք դեռ չեն հրապարակվել:
«Ինչպես ավելի վաղ նշել էինք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միացումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, ոչ թե նոր խնդիրներ և բաժանարար գծեր ստեղծի։ Մենք նաև նշել ենք, որ պետք է հաշվի նստել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայության հետ։ Կարծում ենք, որ դա պետք է հաշվի առնել նախագծի մանրամասները մշակելիս»,-ասել է Ֆադեևը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։