ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստվում է սեպտեմբերին մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Indian Express թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Indian Express-ի տեղեկություններով՝ այցի գլխավոր նպատակը կդառնա առևտրային տարաձայնությունների կարգավորումը:
Նախատեսվում է նաև ընդհանուր դիրքորոշում մշակել այն մաքսատուրքերի վերաբերյալ, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է սահմանել Հնդկաստանի նկատմամբ ռուսական նավթի և նավթամթերքի ձեռքբերման պատճառով:
Պարբերականի համաձայն՝ Մոդիի այցնԱՄՆնախատեսված է սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում։
Հուլիսի վերջին Թրամփը հայտարարեց Հնդկաստանից ներմուծման համար 25% մաքսատուրք սահմանելու մասին՝ վկայակոչելով Նյու Դելիի բարձր մաքսատուրքերը, առևտրային խոչընդոտները և «Ռուսաստանի հետ համագործակցությունը»: Նա նաև հայտարարել է, որ Հնդկաստանը պետք է տուգանք վճարի (չափը չի նշվում-խմբ.) վերոնշյալ գործողությունների համար։ Տուրքն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ին։ Ընդ որում, ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Հնդկաստանից ներկրման համար 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրք սահմանելու մասին՝ Ռուսաստանից նավթ գնելու համար: Այդ պատժամիջոցները սկսում են գործել օգոստոսի 27-ից։
Նյու Դելին և Վաշինգտոնը երկու երկրների միջև ապագա առևտրային համաձայնագրի ուրվագծերի շուրջ քննարկումների արդեն մի քանի փուլ են անցկացրել: Գլխավոր խոչընդոտը, ԶԼՄ-ների տվյալներով, մնում է ԱՄՆ-ի ցանկությունը, որպեսզի Հնդկաստանն իր գյուղատնտեսական շուկա թողնի գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերը։ Հնդկաստանը մերժել է առաջարկը՝ պնդելով, որ այդ մշակաբույսերը կարող են վնասել ֆերմերներին և ազդել սննդի անվտանգության վրա: Չնայած երկու կողմերն էլ փորձում են ընդհանուր լեզու գտնել, հաղորդվում է, որ այս պահանջը շարունակում է խոչընդոտել վերջնական համաձայնության գալուն: