Մահացել է «լրտեսների սարսափը»՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գնդապետ Վլադիմիր Զայցևը

1980-ական թվականների կեսերին նա «ոսկերչական» ճշգրտությամբ բռնել է մի շարք լրտեսների և դավաճանների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. 77 տարեկան հասակում մահացել է պետանվտանգության մարմինների հայտնի աշխատակից, ԽՍՀՄ ՊԱԿ գնդապետ Վլադիմիր Զայցևը, որը ղեկավարում էր ԱՄՆ խոշոր գործակալների ձերբակալությունները։ Այս մասին հայտնել է «Ալֆա» հակաահաբեկչական ստորաբաժանման վետերանների միջազգային ասոցիացիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետական անվտանգության համակարգում Վլադիմիր Նիկոլաևիչը ծառայել է ավելի քան քսան տարի՝ 1972 թվականից՝ դառնալով բարձրագույն դասի պրոֆեսիոնալ։ Մամուլը նրան կնքել էր «լրտեսների սարսափ»․․․ Օպերատիվ աշխատանքում լավագույններից մեկը լինելով՝ 1980-ական թվականների կեսերին «ոսկերչական» ճշգրտությամբ բռնել է մի շարք լրտեսների և դավաճանների»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԽՍՀՄ ՊԱԿ-ի (КГБ) յոթերորդ վարչության «А» («Ալֆա») խմբում Վլադիմիր Զայցևը ծառայել է 1982-1992 թվականներին: Ստորաբաժանումներից մեկի բաժանմունքի պետի պաշտոնից հասել է մինչև «A» խմբի պետի տեղակալի պաշտոնի։ ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից է եղել:
Զայցևը մասնակցել է պատանդներին ազատելու նշանավոր գործողություններին։ Դրանց թվում է Թբիլիսիի գործողությունը (1983թ.)։ Հարձակման ամենալարված պահին նա առանցքային դեր է խաղացել զինված ահաբեկիչների խմբավորման կողմից գրավված ինքնաթիռի ուղևորների ազատագրման գործում։ Որպես հրամանատար մարտական գործուղումներ է ունեցել պատերազմի մեջ գտնվող Աֆղանստան, նշվում է հաղորդագրության մեջ։
«Ալֆայի» աշխատակիցները ոչ միայն վնասազերծում էին ահաբեկիչներին․ նրանց հանձնարարվում էր ձերբակալել օտարերկրյա հատուկ ծառայությունների, այդ թվում՝ ԱՄՆ ԿՀՎ-ի վտանգավոր գործակալներին:
Ամերիկացիների համար աշխատող և Զայցևի ղեկավարությամբ ձերբակալված այդպիսի դավաճանների թվում էին ԽՍՀՄ ռադիոարդյունաբերության նախարարության «Ֆազոտրոն» պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար ինժեներ-կոնստրուկտոր Ադոլֆ Տոլկաչովը և Գլխավոր հետախուզական վարչության գեներալ-մայոր Դմիտրի Պոլյակովը: