ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով հերթական նիստը»:
Հերթական «դատական նիստում» Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը դատալեզվաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ դիմեց դատարանին։ Նրա խոսքով` քրեական գործով մեղադրական եզրակացության մեջ ռուսերեն թարգմանության արդյունքում կան մի շարք հակասական կետեր:
Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում
© Photo
Վարդանյանը պաշտպանեց Բերմանի միջնորդությունը, սակայն մեղադրող դատախազը և «տուժողները» դատարանին խնդրեցին չբավարարել այն:
Խորհրդակցությունից հետո դատավորը, հրապարակելով որոշումը, հայտարարեց, որ միջնորդությունը չի բավարարվել։
Այնուհետև դատարանը լսեց «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները:
«Դատական հաջորդ նիստը» տեղի կունենա օգոստոսի 19-ին:
Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում
© Photo
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: