Պահանջում են Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին տրված փողը

Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին և տուժածներին տրամադրած 670 միլիոն դրամը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Ըստ հրապարակված տվյալների՝ դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանից և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովից (պաշտոնները նշված են 2008թ․ մարտի 1-ի դրությամբ. խմբ․) հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով, բռնագանձել Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 000 000 դրամ վնասը։
Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 720 միլիոն դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը` 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց ընտանիքներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար:
Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրենքն Ազգային ժողովն ընդունել էր 2019թ․ հունիսին:
Ըստ օրենքի՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը պետք է տրամադրեր 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։
Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցն է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ