ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 15-ին «մեկնում է Ռուսաստան»՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու: Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ։
«Ես կհանդիպեմ Պուտինի հետ։ Ուրբաթ օրը գնում եմ Ռուսաստան: Ինձ դուր չի գալիս լինել այստեղ (Վաշինգտոնում) և խոսել այն մասին, որ այստեղ վտանգավոր է, կեղտոտ ու զզվելի: Այդ երբեմնի գեղեցիկ մայրաքաղաքի պատերը գրաֆիտիով են ծածկված»,-ասել է նա։
Ընդ որում, նրա կողքին կանգնած ոչ ոք, այդ թվում՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, չի համարձակվել ուղղել ամերիկյան առաջնորդի։ Արդյունքում, որոշ ժամանակ անց տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տանը, հայտարարեցին. «Նախագահը վրիպեց»։
Սպասվում էր, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նույն օրը Ալյասկայում: Դրա մասին պաշտոնապես հայտարարվել է օգոստոսի 6-ին՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի Մոսկվա կատարած այցից և Պուտինի հետ նրա բանակցություններից հետո:
Առաջիկա բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտն է։ Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտենում են հակամարտության կարգավորմանը: Թրամփը հստակեցրել է, որ Վաշինգտոնն առաջարկում է տարածքի զիջումներ Կիևի կողմից, իսկ Մոսկվայի կողմից՝ Ուկրաինայի շրջանների մի մասի վերադարձ։