ՄԽ մանդատի վերացումը սպառնում է ԼՂ կարգավորման միջազգային ձևաչափին. հայտարարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը միակողմանի և անարդարացի կերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը` ԵԱՀԿ–ին կոչ անելով դիմայակել այս քայլին։
«Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցի չարծարծումը»,– ասված է հայտարարության մեջ։
Հանձնախումբը վերահաստատել է, որ վճռական են լինելու Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցով, հիշեցրել, որ այն ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Եվրոպական խորհրդարանի բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունում։
«Մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։ Ցանկացած համաձայնագիր, որն անտեսում է նրանց իրավունքները, ջնջում է նրանց պատմությունը կամ զոհաբերում է նրանց ապագան, խաղաղության համաձայնագիր չէ, այլ ագրեսիայի արդարացում և ապագա հակամարտության աղբյուր»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։