ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ Գիրդվուդ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Alyaska Landmine»–ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Մեզ տեղեկացրին, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Գիրդվուդի «Alyeska Resort» հյուրանոցում: Հետաքրքիր է, որ նրանց ամրագրման օրացույցում լիովին բացակայում են օգոստոսի 12–16-ը ամսաթվերը», - գրում է լրատվամիջոցը։
«The New York Times»-ն էլ հայտնում է որ Թրամփի թիկնազորը Պուտինի հետ գագաթնաժողովի նախաշեմին տուն է վարձել Ալյասկայի ամենախոշոր քաղաքում` Անքորիջում։ Ռիելթոր Լարի Դիսբրոուն թերթին ասել է, որ ԱՄՆ–ի գաղտնի ծառայությունը (զբաղվում Է Սպիտակ տան ղեկավարի պահպանությամբ) իրենից վեցսենյականոց տուն է վարձակալել:
Լրատվամիջոցները գրում են, որ ամերիկյան գագաթնաժողովին կարող է մասնակցել նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Մեկ այլ վարկածի համաձայն` Ուկրաինայի նախագահը Ալյասկա կմեկնի Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ, բայց չի մասնակցի բանակցություններին:
Հիշեցնենք` Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինը և Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ՌԴ կատարած այցի ժամանակ Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։
Պուտինը օգոստոսի 7-ին նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց ստեղծումը դեռ հեռու է։ Ինքը՝ Զելենսկին, Պուտինի և Թրամփի հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ տարածքային զիջումների չի գնա։