ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ն վերջ տա Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորմանը, ամերիկացիները հոգնել են դրա վրա իրենց հարկերը ծախսելուց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Նախագահն ու ես ուզում ենք, որ Ամերիկան վերջ տա Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորմանը։ Մենք ուզում ենք հասնել խաղաղ կարգավորման։ Մենք ուզում ենք դադարեցնել սպանությունները։ Ամերիկացիները հոգնել են իրենց գումարները, իրենց հարկերը շարունակաբար ծախսել այս հակամարտության վրա»,-ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վենսը հավելել է, որ եթե եվրոպացիները ցանկանում են զենք գնել ամերիկյան արտադրողներից՝ այն Ուկրաինային փոխանցելու համար, ապա Վաշինգտոնը չի առարկում:
«Բայց ինքներս չենք ֆինանսավորելու դա»,-ընդգծել է նա։
Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ՌԴ կատարած այցի ժամանակ Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։
Պուտինը օգոստոսի 7-ին նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց ստեղծումը դեռ հեռու է։ Ինքը՝ Զելենսկին, Պուտինի և Թրամփի հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ տարածքային զիջումների չի գնա։