ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Մահացել է ռուս թատերական ռեժիսոր Յուրի Բուտուսովը: Այս մասին, Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է դերասանուհի Վարվառա Շմիկովան։
«Սարսափելի վիշտ է։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Յ. Ն․»,-գրել է դերասանուհին Facebook-ի իր էջում:
Ռեժիսորի մահվան մասին գրել են նաև ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը և քննադատ Եվգենիա Տրոպը:
Որոշ տվյալներով՝ Բուտուսովը խեղդվել է Բուլղարիայում հանգստի ժամանակ։
Յուրի Բուտուսովը ռուս ամենահայտնի թատրոնի ռեժիսորներից է: Նրա կարիերան սկսվել է 1996 թվականին՝ Սամուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսի ուսանողական բեմադրությամբ, որտեղ խաղում էին ապագա կինոաստղեր Կոնստանտին Խաբենսկին, Միխայիլ Պորեչենկովը և Միխայիլ Տրուխինը։ 2000-ականներին աշխատել է Մոսկվայի «Սատիրիկոն»-ում, որտեղ բեմադրել է, օրինակ, «Ռիչարդ III»-ը, «Լիր արքան» և «Ճայը» (առաջին երկու ներկայացումներում գլխավոր դերերը խաղացել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը)։
1996 թվականից Բուտուսովն աշխատում էր Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան թատրոնում, իսկ 2011 թվականին նշանակվել էր դրա գլխավոր ռեժիսոր։ 2018 թվականի մարտին հեռացել է Լենսովետի թատրոնից, ապա գլխավորել Վախթանգովի անվան թատրոնը։ Բուտուսովն աշխատել է նաև այլ կարևոր հարթակներում, օրինակ՝ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ), Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում, Հարավային Կորեայի, Նորվեգիայի, Դանիայի, Լատվիայի թատրոններում: