ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Հայկական Սյունիքով երթուղու հետ կապված Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները հաշվիեն առնվել վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարի խոսքերը հնչելեն Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Թրամփի երթուղու» (TRIPP) նախագծի վերաբերյալ Թեհրանի շարունակական մտահոգության ֆոնին:
Ավելի վաղ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը ընդգծել էր, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխությանը և պնդում է, որ Հայաստանն ամբողջությամբ վերահսկի իր սահմանները: Նա նշել է, որ Երևանն ու Թեհրանը երկու հնագույն պետություններ են, որոնք ունակ են ինքնուրույն լուծել իրենց հարցերը, և հավելել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը պարունակում է «բազմաթիվ հարցական նշաններ» և ուշադիր ուսումնասիրության կարիք ունի:
Արաղչին ընդգծել է, որ Իրանն ակտիվորեն խորհրդակցում է Երևանի և Բաքվի հետ:
«Վաղը ինձ կզանգի Հայաստանի արտգործնախարարը, կապ կհաստատի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ երեքշաբթի Թեհրան կժամանի Հայաստանի փոխարտգործնախարարը։ Մենք մշտապես խորհրդակցություններ ենք անցկացնում կողմերի հետ», - ասել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքով, Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն, աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է երեք սկզբունք ՝ հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակազդել սահմանների փոփոխություններին: Այդդրույթները, նրա խոսքով, լիովին համապատասխանում են Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը։
Արաղչին հստակեցրել է, որ միջանցքի ստեղծման հարցն ամբողջությամբ հանվել է օրակարգից, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կառուցվելու է Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո: Նախագիծն իրականացնում է Հայաստանում գրանցված և նրա օրենքներով աշխատող ամերիկյան-հայկական ընկերությունը։
Իր հերթին Իրանի նախագահ Մաքսուդ Փեզեշքիանը, մեկնաբանելով նույն թեման, հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրավիճակն այնքան դրամատիկ չէ, որքան այն ներկայացնում են ԶԼՄ-ներում: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ նախագծում ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունն Իրանի մոտ անհանգստություն է առաջացնում:
«Ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում ցանկացած ձևով կարող է բացասական հետևանքներ ունենալ խաղաղության և կայունության համար Մենք միշտ այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական և հայկական կողմերի առջև և կշարունակենք խորհրդակցությունները», - հայտարարել Է նախագահը։
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանն ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ երկարաժամկետ իրավունքներ երթուղու զարգացման համար, որը կգործի հայկական օրենսդրությամբ: Ամերիկյան կողմը նախատեսում է հողը ենթավարձակալության հանձնել ենթակառուցվածքի և կառավարման համար պատասխանատու կոնսորցիումին: Այդ ճանապարհով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։