ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ադաբաշյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ նշելով, որ հոբելյարի ստեղծագործական նախագծերը միշտ աչքի են ընկնում մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հարգելի Ալեքսանդր Արտյոմովիչ, ընդունեք շնորհավորանքներս 80-ամյա հոբելյանի առթիվ: Դուք նվիրվել եք կինոարվեստին, ճանաչում եք ձեռք բերել դերասանական և ռեժիսորական ասպարեզում, վառ արտահայտվել եք որպես նշանավոր կինոդրամատուրգ և սցենարիստ։ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ աչքի են ընկնում մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով»,-ասված է հեռագրում:
ՌԴ նախագահը նշել է, որ Ադաբաշյանի մասնագիտական անվիճելի հաջողության հետևում ստեղծագործական աշխատանքի տարիներ են, մեծ տաղանդ և հավատ սեփական անձի և կոչման հանդեպ: Պուտինը նրան քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել։
Ռուս սցենարիստ, նկարիչ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը։ Կինոյում աշխատում է 1974 թվականից։ Նիկիտա Միխալկովի հետ Ադաբաշյանը գրել է «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» (1977), «Հինգ երեկո» (1979), «Մի քանի օր Ի․Ի․ Օբլոմովի կյանքից» (1980) ֆիլմերի սցենարները։ Բացի այդ, նույն ֆիլմերի նկարահանման հրապարակում բեմադրող նկարիչ է եղել Ա. Սամուլեկինի հետ միասին։ Ադաբաշյանը բեմադրել է երկու օպերա՝ «Բորիս Գոդունովը»՝ Մարիինյան թատրոնում և «Խովանշչինան»՝ Լա Սկալայում, մի քանի սցենար է գրել ֆրանսիացիների և իտալացիների համար, հանդես է եկել որպես ձևավորող («Օբլոմով» ռեստորան), Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը կայացել է նրա նկարների ցուցահանդեսը։