ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում 100 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի 9 շրջանների վրա, երկու խաղաղ բնակիչ մահացել, չորսը՝ տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տվյալներով՝ անցած օրվա ընթացքում 52 բնակավայր է հայտնվել Ուկրաինայի կողմից հարվածի տակ։ Արձակվել է 41 արկ, խոցվել և չեզոքացվել է 31 անօդաչու թռչող սարք։ Հաշվետու ժամանակահատվածում տարբեր ավերածություններ են հայտնաբերվել երկու բազմաբնակարան շենքերում և 23 առանձնատներում, առևտրային օբյեկտում, ձեռնարկությունում, 12 միավոր հատուկ տեխնիկայի և 25 տրանսպորտային միջոցներում:
Գլադկովը հայտնել է նաև, որ Բելգորոդի մարզի Բորիսովկայի շրջանի Բայցուրի գյուղում ընթացող մեքենային անօդաչու թռչող սարքի թիրախային հարվածի հետևանքով ամուսնական զույգ է մահացել:
«Բորիսովկայի շրջանի Բայցուրի գյուղում դրոնը հարվածել է շարժվող մեքենային, որում ամուսնական զույգ է եղել։ Ցավոք, ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է։ Կնոջը ծանր վիճակում տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն վնասվածքների հետևանքները կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։