Թբիլիսին Կիևին մեղադրել է «Կազբեգի» անցակետում մնացած ուկրաինացիների հարցը ձգձգելու մեջ

Խոսքը Ուկրաինայի 87 քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր, որոնցով կարող էին հատել սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վրաստանը Ուկրաինային մեղադրել է վրաց-ռուսական սահմանին արգելափակված ուկրաինացիներին հայրենիք վերադառնալու հարցը ձգձգելու մեջ, հաղորդում է Sputnik Գրուզիան։
«Գործընթացի արհեստական ձգձգումը կասկածներ է առաջացնում, որ ուկրաինական կողմը ցանկանում է` այդ մարդիկ երկար ժամանակ մնան այսպես կոչված չեզոք գոտում, որպեսզի վրացական կողմը հետագայում ստիպված լինի թույլ տալ նրանց մուտք գործել պետական սահման։ Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ չենք վտանգի մեր երկրի օրինականությունն ու բնակչության անվտանգությունը», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է հոգալ 87 քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ծախսերը, սակայն Ուկրաինան առայժմ ձեռնպահ է մնում ուկրաինացիներին հայրենիք վերադարձնելու համար Վրաստանի առաջարկած տարբերակներից։
Դարախվելիձեն նշել է, որ նրանց մեծ մասը պատիժը կրել է բանտերում՝ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Բացի այդ, նրանք չունեն վավեր փաստաթղթեր, որոնցով կկարողանան հատել պետական սահմանը։ Այսպիսով, Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում նրանց թույլ տալ մուտք գործել երկրի տարածք։