Օտարերկրացիները 1 ամիս ժամանակ ունեն ՌԴ-ում իրենց կացությունն օրինականացնելու համար

Գերատեսչությունում նշել են՝ 2025-ի սեպտեմբերի 10-ից հետո անհնար կլինի կարգավորել իրավական կարգավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն կանոնների խախտմամբ գտնվող օտարերկրացիները մեկ ամիս ժամանակ ունեն իրենց կարգավիճակը օրինականացնելու կամ երկիրը լքելու համար։ Նրանք կարող են դա անել մինչև սեպտեմբերի 10-ը՝ կապ հաստատել միգրացիոն ծառայության հետ։
Խոսքը վերաբերում է վերահսկվող անձանց գրանցամատյանում ընդգրկված օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնց թվում են Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքերը կորցրած օտարերկրացիները։
Ռուսական գերատեսչությունը նշել է, որ 2025-ի սեպտեմբերի 10-ից հետո նրանց իրավական կարգավիճակը կարգավորելն անհնար կլինի։
Ռուսաստանում օրինական մնալու հարցը լուծելու համար օտարերկրացիները պետք է մինչև այս տարվա սեպտեմբերի 10-ը կապ հաստատեն Ռուսաստանի ՆԳՆ «Անձնագրային-վիզային ծառայություն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության ցանկացած մասնաճյուղի հետ՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրի։
Հիշեցնենք` 2025 թվականի հունվարին հրամանագիր ստորագրվեց, որը խստացնում է միգրանտների կացության պահանջները` ներառյալ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ են մտնում ՌԴ մուտքի նոր կանոնները օտարերկրացիների համար։ ՌԴ մուտք գործելուց առաջ օտարերկրացիները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն նույնականացման միասնական համակարգում։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:
Ղրիմում միգրանտներին արգելել են աշխատել բոլոր ոլորտներում, բացի երկուսից