ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Գազայի հատվածի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իսրայելական առաջարկը պետք է քննվի Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) և ՄԱԿ-ի միջազգային դատարանում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Երեկ Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ, որպեսզի անվտանգության շրջագիծ ապահովի և հետագայում կիսաէքսկլավը փոխանցի նոր «քաղաքացիական կառավարության» վերահսկողությանը:
«Գազայի լիակատար օկուպացիայի սպառնալիքը Պաղեստինի պատմական հողում իշխող հանցագործների կողմից, որոնք Միջազգային քրեական դատարանի հետաքննության տակ են, և որոնց գործողությունները․․․ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից որակվում են որպես ցեղասպանության հանցագործություն, Գազայում էթնիկ զտումներ և պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու իսրայելական ռեժիմի մտադրության ևս մեկ ակնհայտ ցուցանիշ է, որը պետք է քննվի Միջազգային քրեական դատարանի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից», - ասել է Բաղային։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ յուրաքանչյուր կառավարություն, ինչպես և ՄԱԿ-ը, իրավական և բարոյական պատասխանատվություն ունեն Գազայում ցեղասպանության դադարեցման հարցում, նա «ամոթալի» է անվանել Իսրայելի ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի և Արևմուտքի մի շարք այլ երկրների մեղսակցության շարունակումը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: