Ֆրանսիան կողմ է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, միացել է այն լուծարելու կոչին, Գերմանիան էլ հայտարարել է խաղաղ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի- Sputnik. Ֆրանսիան ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը և միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարմանը ձեռնամուխ լինելու` կողմերի կոչին:
Ֆրանսիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը պետք է կարևոր քայլ դառնան Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման տարածք դարձնելու ուղղությամբ:
Ֆրանսիական կողմը նաև նշել է, որ պայմանավորվածությունները նպաստում են տարածաշրջանային կապերին, սահմանների բացմանը և պետությունների ինքնիշխանության ամրապնդմանը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա:
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն իր հերթին ողջունել է ԱՄՆ–ում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հռչակագրի ստորագրումը՝ այդ օրն անվանելով երկու երկրների պատմության մեջ «նոր գլխի» սկիզբ:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ նախաստորագրված փաստաթուղթը «հույս է տալիս այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ հակամարտություններ ու տեղաշարժեր են ապրել»: Նրա խոսքով ՝ Բեռլինը տարիներ ի վեր աջակցել է վստահության ամրապնդման միջոցառումներին, տրամադրել է 27,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն և քաղաքացիական անձնակազմ է ուղարկել տարածաշրջան՝ ներառյալ մասնակցությունը Հայաստանում ԵՄ առաքելությանը: Վադեֆուլն ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է այսուհետ ևս աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության ճանապարհին։
Ավելի վաղ Վաշինգտոնում Ալիևն ու Փաշինյանը ստորագրել էին յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որն ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը՝ առանց դրա մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ որպես վկա ստորագրություն է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով: Դրա համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իսկ կազմի մեջ էին մտնում նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Խմբի հիմնական խնդիրն էր կազմակերպել բանակցություններ և պատրաստել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններ: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի դերը փաստացի վերացավ։ 2022 թվականից, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, նրա գործունեությունը սառեցվել է, իսկ համանախագահների միջև շփումները դադարել են։