ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի Բորիսովկա ավանում և Ցերկովնի խուտորում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բորիսովկայի շրջանի Բորիսովկա ավանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ 19-ամյա տղային տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց։ Նա գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, և բժիշկներն ամեն ինչ արել են նրա կյանքը պահպանելու համար։ Սակայն, չնայած ձեռնարկված բոլոր միջոցներին, տղային փրկել չի հաջողվել։ Բորիսովկայում տուժած երկրորդ տղամարդն ինքնուրույն դիմել է հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել է ոտքի բեկորային վնասվածք և բարոտրավմա։ Բուժումը կշարունակի ամբուլատոր հիմունքներով»,- գրել է Գլադկովը Telegram-ում։
Մարզպետը հավելել է, որ Բելգորոդի մարզի Ցերկովնի խուտորի շրջանում ևս մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է բեռնատար մեքենայի վրա FPV դրոնի հարձակման հետևանքով: Տղամարդուն ծանր վիճակում, ականապայթյունային վնասվածքով և բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 հիվանդանոց:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։