ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար պարտադիր պայման չի դրել Պուտին-Զելենսկի հանդիպումը։ Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, որը տևել է ընդամենը մի քանի րոպե։
«Նրանք ցանկանում են հանդիպել ինձ հետ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ կանի հնարավորը հակամարտությունը դադարեցնելու համար։
Թրամփը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում Ռուսաստանի և Պուտինի նկատմամբ իր ներկայացրած վերջնագիրը, և արդյոք ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կհայտարարվեն:
«Դա կախված կլինի նրանից (Պուտինից– խմբ․ )։ Տեսնենք, թե ինչ կասի։ Ես շատ հիասթափված եմ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տանը։
Նա նաև ընդգծել է, որ չի սիրում երկար սպասել։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը Կրեմլում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակի մասին, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ հանդիպման նախապատրաստման վրա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր` Կրեմլում չեն բացառում, որ կարող է բարձրացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացնելու նպատակահարմարության հարցը, եթե վերջինս նույնպես այնտեղ լինի:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը նախատեսում է այցելել Չինաստան: