ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ՄՍՇՊՀ–ն վարույթ է հարուցել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։
Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք վճարվել են։ Հյուրանոցը գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։
«Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ»,– ընդգծել են հանձնաժողովից։
ՄՍՇՊՀ–ն հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ ներկայացնելով տեղեկություններ։
Հիշեցնենք` ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն Երևանում կայացավ օգոստոսի 3–ին։ Սա Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։