«Սյունիքի միջանցքի» հարցը ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է. փորձագետներ

Միջանցքը կարող է դառնալ ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառ, որը ցանկալի է Անկարա-Երևան-Բաքու ձևավորվող առանցքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Սյունիքի միջանցքի» հարցը իրական սպառնալիք է ԵԱՏՄ անդամակցության համար։ Այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
«Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն` տվյալ պարագայում 3-րդ երկրի ապրանքները տեղափոխվեն ՀՀ տարածքով դեպի Թուրքիա կամ այլ երկրներ առանց մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կդիտվի որպես ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնների կոպիտ խախտում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` եթե ԵԱՏՄ անդամ պետությունը (Հայաստանը) միակողմանիորեն բացում է սահմանի մի հատված, որով երրորդ երկրի ապրանքները կարող են ազատորեն անցնել` առանց որևէ մաքսային ընթացակարգի, այդ դեպքում ԵԱՏՄ բյուջեն տուժում է (քանի որ մաքսային մուտքերը ընդհանուր են), և չի բացառվում, որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից հարց բարձրացվի` Հայաստանին ամբողջությամբ կամ մասնակի զրկել իր մասնաբաժնից։ Միության մյուս անդամները բախվում են տնտեսական խեղումի, և ամենակարևորը` Հայաստանը հայտնվում է մենակ` ԵԱՏՄ օրենսդրական տարածքից դուրս գործող ռեժիմ ստեղծած կողմի դերում։
«Այս իրավիճակն անխուսափելիորեն բերելու է կոշտ հակազդեցության, և հետևանքը կարող է լինել Հայաստանի դուրս մղումը ԵԱՏՄ-ից կամ համախմբված ճնշում այդ ուղղությամբ»,– ընդգծել է Ֆարմանյանը։
Նրա հետ համակարծիք է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Նա նույնպես գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ ԵԱՏՄ կանոնակարգի հնարավոր խախտումը ընդհանրապես չի շոշափվում հանրային դիսկուրսում:
«Իսկ գուցե հենց «միջա՞նցքը» դառնա ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առիթ՝ սցենար, որը խիստ ցանկալի է Անկարա-Երևան-Բաքու ձևավորվող առանցքի համար: Թե՞ նորից կասեն, որ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, իսկ Երևանը հստակ տարանջատում է տնտեսականը քաղաքականից: Նման «տրամաբանությունը» երբեք չի աշխատել: Առավել ևս չի աշխատի այս դեպքում»,– գրել է Դավթյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։
Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։