Հուսով ենք` համաձայնագիր կստորագրվի. ԱՄՆ պետքարտուղարը` Փաշինյան– Ալիև հանդիպման մասին

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է խաղաղությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի սկիզբը կդրվի։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Հուսով եմ` Ադրբեջանը և Հայաստանը այսօր համաձայնագիր կստորագրեն և սկիզբ կդնեն խաղաղության պայմանագրին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է խաղաղությանը, ինչը դրսևորվել է Հնդկաստանի և Պակիստանի, Կամբոջայի և Թաիլանդի հակամարտությունների կանգնեցման ժամանակ:
Պատմական օր է լինելու. Թրամփը` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի ԱՄՆ, երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը:
Վաշինգտոնում աշխատող և Հարավային Կովկասի իրավիճակը լուսաբանող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին, երեկ X-ում հրապարակել էր այն փաստաթղթերի ցանկը, որոնք մտադիր են ստորագրել Ամերիիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: