ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի –Sputnik. Հնդկաստանը մաքսատուրքերի սահմանումից հետո կասեցրել է ԱՄՆ-ից նոր սպառազինություն և ինքնաթիռներ գնելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով հնդիկ պաշտոնյաների:
«Նյու Դելին դադարեցրել է ամերիկյան նոր սպառազինություն և ինքնաթիռներ գնելու իր ծրագրերը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության զրուցակիցներից երկուսի խոսքով՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը պետք է հաջորդ շաբաթ այցելեր Վաշինգտոն, որտեղ պետք է հայտարարեր որոշ գնումների մասին, սակայն ուղևորությունը չեղարկվել է։
Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրք է սահմանվում: Նոր տուրքերն ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ին։ Դրանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 6-ին, Թրամփը հրամանագիր ստորագրեց Հնդկաստանից ներկրման համար 25%–ի չափով լրացուցիչ մաքսատուրք սահմանելու մասին: Դրա պատճառը ՌԴ-ից նավթ գնելն է։ Նշված պատժամիջոցները կսկսեն գործել օգոստոսի 27-ից։