ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները` Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը, հեռախոսով քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
«Այսօր կայացել է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել է ռուս–ուկրաինական բանակցային իրավիճակը։
Աղբյուրը զրույցի այլ մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ստամբուլում կայացավ շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Հանդիպումից առաջ տեղի ունեցավ պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկիի և Ռուստեմ Ումերովի առանձնազրույցը: Ընդլայնված կազմով բանակցությունները տևեցին շուրջ 40 րոպե, կողմերը քննարկեցին հուշագրերի նախագծերում շարադրված դիրքորոշումները:
Կողմերը պայմանավորվեցին փոխանակել ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկեց երեք աշխատանքային խումբ ստեղծել քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի լուծման համար։ Բացի այդ, Մոսկվան առաջարկեց Կիևին հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 3 հազար զինծառայողների մարմիններ, ինչպես նաև կարճատև հումանիտար հրադադարներ հաստատել վիրավորներին ու զոհվածների մարմինները տեղափոխելու նպատակով։
Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների չորրորդ փուլի մասին որոշումը կկայացվի նոր պայմանավորվածությունների կատարումից հետո: