Կամբոջայի վարչապետն առաջարկում է մրցանակ տալ Թրամփին. նա նամակ է հղել Նոբելյան կոմիտեին

Կամբոջայի կառավարության ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդը պատմական ներդրում է ունեցել ամբողջ աշխարհում խաղաղության առաջխաղացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթն այսօր պաշտոնական նամակ է հղել Նոբելյան կոմիտեին՝ առաջարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նամակի պատճենը հրապարակվել է Կամբոջայի վարչապետի սոցցանցային էջերում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր միջամտությունից հետո է Թաիլանդ–Կամբոջա հակամարտությունը կարգավորվել:
«Ես՝ Կամբոջայի Թագավորության վարչապետս, մեծ պատիվ եմ համարում պաշտոնապես առաջադրել Դոնալդ Ջ. Թրամփի՝ ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահի թեկնածությունը խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ ի նշան ամբողջ աշխարհում խաղաղության առաջխաղացման գործում նրա պատմական ավանդի ճանաչման»,-ասված է նամակում:
Նա նաև շեշտել է, որ Թրամփը վճռորոշ դեր է ունեցել Կամբոջայի և Թաիլանդի սահմանին խաղաղությունը և կայունությունը վերականգնելու գործում:
Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։
Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հուլիսի 28-ին հայտնեց, որ Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքում Թաիլանդը և Կամբոջան պայմանավորվել են հրադադար հաստատել
Հուլիսի սկզբին Սպիտակ տունը մի շարք երկրների, այդ թվում՝ Թաիլանդին և Կամբոջային, ծանուցումներ է ուղարկել օգոստոսի 1-ից նրանց ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին: