Իրանի ԱԱԽ նոր քարտուղարը նշանակվել է գերագույն առաջնորդի ներկայացուցիչ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահը Լարիջանիին նշանակել է ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար Ալի Լարիջանիին նշանակել է խորհրդում իր ներկայացուցիչ:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի գերագույն առաջնորդի նախկին ավագ խորհրդական Լարիջանիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար:
«Հաշվի առնելով պարոն Ահմադիանի նշանակումը պետական կարևոր հանձնարարությունների կատարման պաշտոնում` ես, հիմք ընդունելով Սահմանադրության 176-րդ հոդվածը, պարոն Ալի Լարիջանիին նշանակում եմ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում գերագույն առաջնորդի ներկայացուցչի պաշտոնում», - ասված է կարգադրության մեջ:
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ Իրանի ազգային անվտանգության ոլորտում համակարգումը բարձրացնելու նպատակով պաշտպանության նոր խորհուրդ է ստեղծվում: Խորհուրդը կգլխավորի Իրանի նախագահը։ Կազմում կընդգրկվեն նաև իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչներ, բարձրագույն հրամկազմի և համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ։