Ինչ ծրագրեր ունի Իսրայելը Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահուհի հայտարարությունը

Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմական գործողության նպատակը անվտանգության գոտու հաստատումն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իսրայելը մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի ողջ տարածքի նկատմամբ՝ ապահովելու անվտանգության գոտի և հետագայում այն հանձնելու նոր քաղաքացիական կառավարության վերահսկողությանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ավելի վաղ իսրայելական 12-րդ հեռուստաալիքը, հղում անելով կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունը որոշել է ամբողջությամբ գրավել Գազայի հատվածը։
«Մենք մտադիր ենք ապահովել սեփական անվտանգությունը, վերացնել ՀԱՄԱՍ-ը, ազատել բնակչությանը և քաղաքացիական կառավարման հանձնել նրանց, ովքեր ՀԱՄԱՍ-ի անդամ չեն կամ հանդես չեն գալիս Իսրայելի ոչնչացման օգտին», - ասել է Նեթանյահուն «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի նկատմամբ:
Նա հավաստիացրել է, որ Իսրայելը չի ծրագրում պահպանել կիսաէքսկլավի նկատմամբ վերահսկողությունը, ռազմական գործողության նպատակը անվտանգության գոտու հաստատումն է:
«Մենք ցանկանում ենք այն հանձնել արաբական ուժերին, որոնք պատշաճ կերպով կկառավարեն՝ չսպառնալով մեզ և ապահովելով Գազայի բնակչության արժանապատիվ կյանքը», - ասել է Նեթանյահուն:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: