Գագաուզիայի ղեկավարի նկատմամբ արդար դատաքննության իրավունքը պետք է պահպանվի․ ՄԱԿ

Քիշնևի շրջանային դատարանը օգոստոսի 5-ին Գուցուլին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ դատավճռի անհապաղ կատարմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի նկատմամբ արդար դատաքննության և դատավճռի բողոքարկման իրավունքները պետք է պահպանվեն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ Քիթանը:
«Մենք տեղյակ ենք տիկին Գուցուլի գործով որոշման մասին, բայց մանրամասներին չենք տիրապետում։ Պետք է հարգել որոշումը բողոքարկելու նրա իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքը և պատշաճ իրավական ընթացակարգը»,-ասել է նա։
Քիշնևի շրջանային դատարանը օգոստոսի 5-ին Գուցուլին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ դատավճռի անհապաղ կատարմամբ, Մոլդովայում արգելված «Շոր» կուսակցության ֆինանսավորման գործով։
Գուցուլի դատավճիռը քաղաքական գործչի դեմ բռնաճնշման հրեշավոր գործողություն է. Մատվիենկո
Գագաուզիայի ղեկավարը դատավճիռն անվանել է «վերևից ուղղորդված քաղաքական հաշվեհարդար» և հայտարարել է, որ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու և ճշմարտության համար: Նա Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին մեղադրել է բռնաճնշումները որպես այլախոհների դեմ պայքարի գործիք օգտագործելու մեջ։
Ինքնավարության ղեկավարի փաստաբանները մտադիր են դատարանի որոշումը 15 օրվա ընթացքում բողոքարկել Քիշնևի Վերաքննիչ պալատում: