2025 թվականին Գազայի հատվածում 99 մարդ է մահացել սովից, իրական թվերն ավելի մեծ են. ԱՀԿ

ԱՀԿ-ն Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահերի թվի կտրուկ աճ է արձանագրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. 2025 թվականին Գազայի հատվածում սովից 99 մարդ է մահացել, այդ թվում՝ 29 երեխա, իրական թվերը շատ ավելի մեծ են: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ժնևում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածում սովի պատճառով մահանալու 99 դեպք է հաստատվել, մահացածներից 29-ը մինչև 5 տարեկան երեխաներ են, սակայն իրական թվերը շատ ավելի մեծ են», - ասել է նա:
Գեբրեյեսուսը հուլիսի 23-ին հայտնել էր, որ ԱՀԿ-ն Գազայի հատվածում թերսնման պատճառով մահերի թվի կտրուկ աճ է արձանագրում: Նա հավելել էր, որ սուր թերսնման խնդրին է բախվել բնակչության ավելի քան 10%-ը, հետազոտված հղի և կերակրող կանանց ավելի քան 20%-ը տառապում է թերսնումից: Նա ընդգծել էր, որ ճգնաժամն ուժեղանում է մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: