ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից 19-րդ դարի կուժ է տարել իր հետ։ Այս մասին գրված է «Նարեկածին. ազգային զարդերի վերածնունդ» ապրանքանիշի ֆեյսբուքյան էջում։
Կուժը երգչուհու սենյակում է դրվել զարդը գեղագիտորեն ներկայացնելու համար։
«Մինչ հյուրերի ժամանումը սենյակում դրվեցին «Թուֆենկյան» ընկերության նվիրած գորգը և, ուշադրություն, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում): Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը»,– ասված է հաղորդագրությունում։
«Նարեկածինից» հայտնում են, որ ցանկացել են համաշխարհային մեգաաստղին անպայման ներկայացնել իրական հայկական մշակույթը, և իրենց վարպետը պատրաստել է Վան–Վասպուրականի շրջանի ազգային վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով, և հենց այդ վզնոցն էլ 19-րդ դարի Վանի կժի վրա ներկայացվել է հայտնի երգչուհուն։
Ապրանքանիշն ավելի ուշ հեռացրեց գրառումը և նորը հրապարակեց` ավելացնելով այս նախադասությունը. «Իհարկե սկզբնական զարմանքը մեծ էր, բայց ուրախ ենք, որ երգչուհին գնահատել է իր հայկական անկյունը և, իրավացիորեն այն ամբողջական նվեր ընկալելով, տարել իր հետ (սա հատուկ ենք նշում (ուղղում նախորդ գրառումը), որ պարզ դառնա մեր վերաբերմունքը տեղի ունեցածին)»:
Հեռացված գրառումը
© Photo
Հիշեցնենք` ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն Երևանում կայացավ օգոստոսի 3–ին։ Սա Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։