Գազայում սովից մահացածների թիվը հասել է 193-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահանալու հինգ դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում սննդի մատակարարման ճգնաժամի պայմաններում թերսնումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 193-ի, որոնցից 96 երեխաներ են։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից մահանալու հինգ դեպք է գրանցվել է, նրանց թվում՝ մեկ երեխա։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 193-ի, որոնց 96–ը երեխաներ են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելը հուլիսի 27-ին պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները մասնակիորեն վերականգնվելուց հետո թույլ է տվել, որ 769 բեռնատար մուտք գործի Գազայի հատված, ինչը բավարարել է բնակչության կարիքների մոտ 14%-ը։ Գազայի վարչակազմը պնդում է, որ բեռնատարների հիմնական մասը թալանվում է իսրայելական զինվորականների թողտվությամբ։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: