Գարիկ Գալեյանի ազատազրկման ժամկետը կրճատվել է. փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի

Գարիկ Գալյանը 44–օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալյանի հայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը. դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ խուլիգանության մեղադրանքով Գալեյանը պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։
«Դատարանը 2 տարին դարձրեց 1.5, պարոն Գալեյանին պատժի կրման համար մնաց 4 ամիս, սակայն մենք նաև բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան»,– մանրամասնեց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության` խուլիգանության 2–րդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։
«Կարող ենք արձանագրել, որ Գարիկ Գալեյանը կլինի առաջին անձը, որը նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի քրեակատարողական հիմնարկում։ Գարիկ Գալեյանին պետությունը մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով, սակայն պետությունը խուլիգանություն չէր համարել Կասկադ համալիրում Ալեն Սիմոնյանի (ԱԺ նախագահ–խմբ.) կողմից քաղաքացու աչքին թքելը»,– ընդգծեց Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։
Դրանից հետո փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց տնային կալանքը։ Փետրվարի 21-ին դատարանը տնային կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։