ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երևանի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից տուժած 6 անձից 5–ը ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տուժածներից մեկը գտնվում է այրվածքային բաժանմունքում։ Նրա առողջական վիճակը միջին ծանրության է»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Աճառյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Պայթյուն–բռնկումից հետո 6 անձ, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: