ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում»,– ասված է հայտարարությունում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը` որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ
© Photo : official site of the President of RA
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Երևանը նախատեսում էր իրանական «Չաբահար» նավահանգստով նոր առևտրային երթուղի բացել Հայաստանը Հնդկաստանի հետ կապելու համար։
Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։ Երթուղու ստեղծման գաղափարը ծագել է 2023 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բեռնափոխադրումների կազմակերպման և «Չաբահարում» գործառնական կետ բացելու համար։
Երթուղու գործարկման ժամկետները, սակայն, հետաձգվել են անորոշ ժամանակով։ Երթուղին, ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։ Վրացական նավահանգիստները կարող էին մեկնակետ դառնալ դեպի Եվրոպա, իսկ «Վերին Լարս» անցակետով՝ Ռուսաստան մատակարարումների համար։