Հայաստանում քաղբանտարկյալների հարցը մտահոգիչ է. Օսկանյանը նամակ է գրել դեսպաններին

Վարդան Օսկանյանի խոսքով` Հայաստանի դատական համակարգը գնալով ավելի ու ավելի է անցնում գործադիր իշխանության վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններին և հաստատություններին՝ ուշադրություն հրավիրելու Հայաստանում քաղբանտարկյալների մտահոգիչ վիճակի վրա և կոչ անելու նրանց միջամտել՝ հարցը ՀՀ իշխանությունների մոտ բարձրացնելու համար։ Օսկանյանը նամակի տեքստը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
«Ներկայումս ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործարարներ և Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականներ, կալանքի տակ են ոչ թե որևէ հավաստիորեն ապացուցված հանցագործության, այլ կառավարության քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելու համար։ Նրանց երկարատև նախնական կալանքը, հաճախ առանց համոզիչ իրավական հիմքերի, ակնհայտ խախտում է ինչպես Հայաստանի օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային չափանիշների»,–գրել է Օսկանյանը։
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն արտացոլում է քաղաքական բռնաճնշումների միտումնավոր և համակարգված արշավը։ Ըստ նրա` Հայաստանի դատական համակարգը գնալով ավելի ու ավելի է անցնում գործադիր իշխանության վերահսկողության տակ։ Հաստատությունները, որոնք նախկինում աջակցություն էին ստանում արևմտյան գործընկերների կողմից ժողովրդավարական կառավարումը ամրապնդելու համար, այժմ օգտագործվում են որպես զենք քննադատների դեմ։
Օսկանյանի խոսքով` լրատվամիջոցները, չնայած ձևականորեն ազատ են, բախվում են քաղաքական և ֆինանսական ճնշման։ Ամենաանհանգստացնողն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվում է՝ ձերբակալությունների, հրապարակային զրպարտության և բյուրոկրատական հետապնդումների միջոցով, ինչը սպառնում է ոչնչացնել հայ հասարակության քաղաքակրթական հիմքը։
«Չնայած այս ամենին՝ ձեզանից շատերը լռությունը կամ ռազմավարական երկիմաստությունը նախընտրել են սկզբունքային դիրքորոշման փոխարեն։ Այսօր Հայաստանի ենթադրյալ «ժողովրդավարական դիմադրողականության» վերաբերյալ շարունակական հրապարակային գովասանքը կարող է միայն խրախուսել հետագա ճնշումները...Գործելու ժամանակը հիմա է, նախքան մի ամբողջ սերնդի համար Հայաստանը վերջնականապես կկորցնի ժողովրդավարական լինելու հույսը, որը մի ժամանակ ուներ։ Ես անկեղծորեն խնդրում եմ ձեզ լուռ չմնալ»,–գրել է նախկին արտգործնախարարը։
Ավելի վաղ Օսկանյանը հայտարարել էր` ժամանակն է ստեղծել մի մարմին, որը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Նա նշել էր, որ այդ մարմինը պետք է կազմված լինի իրավապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիվանագետներից, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից։