ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի դատավճիռը քաղաքական դրդապատճառներով որոշման և Մոլդովայում քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշման օրինակ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա իսկապես քաղաքական դրդապատճառներով որոշման օրինակ է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ընդդիմախոսների վրա անթաքույց և ապօրինի ճնշում գործադրելու նմուշ», - ասել է նա։
Դատավճիռը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա Գագաուզիայի ղեկավարի դատավճիռն անվանել է «խայտառակություն» և «դժբախտություն, որը վրա է հասել Մոլդովային և նրա ժողովրդին»։
«Գագաուզիայի օրինական ղեկավար Եվգենյա Գուցուլի համար դատարանը 7 տարվա ազատազրկում է որոշել։ Օրինական լինելու և օրենքի հիման վրա իր պարտքը կատարելու համար: Օրենքի կատարման համար նախագահ Մայա Սանդուի ռեժիմը մարդկանց բանտ է նետում: Դա պարզապես խայտառակություն չէ, դա հարձակում է, դժբախտություն, որը վրա է հասել Մոլդովային և նրա ժողովրդին», - իր տելեգրամյան ալիքում գրել է Զախարովան։
Ինքը՝ Գուցուլը, դատավճիռը անվանել է «վերևից հրահանգված քաղաքական հաշվեհարդար»։
«Այս որոշումը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։ Սա քաղաքական հաշվեհարդար է, որը ծրագրված է և կատարվել է վերևից հրահանգով», - հայտարարել է նա։
Եվգենյա Գուցուլը Քիշնևի դատարանում
© Photo
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Նատալյա Բայրամը, Եվգենյա Գուցուլը Քիշնևի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանը նույնպես դատապարտվել է. նրան պատժել են 6 տարվա ազատազրկմամբ։
Պաշտպանությունը մտադիր է վիճարկել դատավճիռը: