ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի նկատմամբ դատավճիռը իր ցինիկությամբ հրեշավոր քաղաքական բռնաճնշման ակտ է օրինական ընտրված քաղաքական գործչի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Արգելված «Շոր» կուսակցության ֆինանսավորման գործով այսօր ավելի վաղ Քիշնևի շրջանային դատարանը Գուցուլին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ դատավճռի անհապաղ ի կատար ածմամբ: Պաշտպանական կողմը դրանից հետո հայտարարել է դատավճիռը 15 օրվա ընթացքում Քիշնևի Վերաքննիչ պալատում բողոքարկելու պլանների մասին:
«Այն, ինչ դատական մարմինների ձեռամբ Սանդուի քիշնևյան վարչակարգն է այսօր արել, իր ցինիկությամբ պարզապես հրեշավոր քաղաքական բռնաճնշում չէ Գագաուզիայում ժողովրդականորեն ընտրված քաղաքական գործչի դեմ։ Դա նաև կոնկրետ անուններով և ազգանուններով կոնկրետ մարդկանց միջնադարյան գազանային էության դրսևորում է, որոնց վրա հենվում է Արևմուտքը», - իր տելեգրամյան ալիքում գրել է Մատվիենկոն։
Դաշնության խորհրդի նախագահը հավելել է, որ Մոլդովայի իշխանությունները հանգիստ որոշում են կայացրել ոչ միայն դժվարացնել մարդու քաղաքական ճակատագիրը, որը նրանց խանգարում է ավարտել Մոլդովայում իշխանության զավթումը, այլև «երկար ժամկետով բանտարկել մի կնոջ, որը երկու անչափահաս երեխայի մայր է»:
«Եվ հակահումանիզմի այս աննախադեպ գործողությունը սատարում է Եվրոպան։ Դրանում կասկած չկա», - փաստել է Մատվիենկոն։
Նշենք, որ դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նաև «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանին: Պաշտպանությունը մտադիր է վիճարկել դատավճիռը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի դատավճիռը անվանել է քաղաքական դրդապատճառներով որոշման և Մոլդովայում քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշման օրինակ: