ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հերթական անգամ որոշ կառավարություններ, անտեսելով սեփական ու տարածաշրջանի շահերը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Այս մասին X– ի իր միկրոբլոգում գրել է ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նրա խոսքով` որոշ կառավարություններ բոլոր դռներով ներխուժելու փորձեր են անում՝ Հարավային Կովկասում առաջ մղելով իրենց ապօրինի նպատակները։
Հունիսի 10–ին Վելայաթին հայտնել էր, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։ Նա նկատել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն է, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ ցանկացած կառավարություն՝ լինի տարածաշրջանից, թե դրսից, որը կփորձի կրկնել այս ձախողված փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքի»,–նշել է Վելայաթին։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:
Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում: