Դատախազության պահանջներն և գույքի բռնագրավումը անօրինական են. «Սոգլասիե-Արմենիա»

«Մանկական աշխարհը» Երևանում
Կառուցապատման խոչընդոտները եղել են վարչական և դատական գործընթացները, այլ ոչ թե ընկերության անգործությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախաձեռնված պահանջներն ու գույքի բռնագրավման գործընթացները հակասում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես 8-րդ հոդվածին: Այս մասին ասված է «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խմբի տարածած հայտարարության մեջ։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25–ի նիստում որոշել է Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը, որը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն էր, վերադարձնել Երևան համայնքին:
Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 31–ի նիստի ժամանակ քննելու է ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ հայց ընդդեմ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ի՝ անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։ Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:
Ընկերությունն իր հայտարարության մեջ նաև նշում է, որ դատախազության պահանջները հակասում են օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ միջազգային պայմանագրերին, որոնք արգելում են օտարերկրյա ներդրումների անօրինական բռնագրավումը կամ խոչընդոտումը, վտանգում են ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը։
Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի հիմնադրած «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ–ն օտարերկրյա ներդրող է, որը 2001թ․ սեպտեմբերից ի վեր ՀՀ–ում իրականացրել է շուրջ 200.000.000 դոլարին համարժեք ներդրումներ, այդ թվում՝ «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի և հարակից տարածքների ծրագրերում։
Ընկերություն անդրադարձել է նաև ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. օգոստոսի 1-ի հայտարարության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին, նշել, թե այն հանրության մոտ թյուր կարծիք է ձևավորում և վնասում ընկերության համբավին։ Ըստ նրանց` այն ձևավորել է հանրային թյուր կարծիք և շարունակում է անհիմն շահարկումների առիթ դառնալ, ինչն էլ վնասում է ընկերության համբավին։
«Դատախազության հայտարարությունը արվել է՝ հենվելով 2025թ. հուլիսի 25-ի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի այն վճռի վրա, որը դեռևս օրինական ուժ չի ստացել։ Այսպիսով, խախտվել է «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ ՀՀ գլխավոր դատախազության պնդումը, իբր ընկերությունը չի հիմնավորել, թե ինչու 2859.0 քմ հողամասը չի կառուցապատվել և չի ներկայացրել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր (ճարտարապետահատակագծային առաջադրանքներ կամ շինարարության թույլտվություններ), չի համապատասխանում իրականությանը»,–նշել են հայտարարության մեջ։
Ըստ նրանց` դատական պրոցեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ ապացույցները, որոնք փաստում են, որ 2859.0 քմ հողամասը փաստացի օգտագործվել է կառուցապատման իրավունքով և շարունակում է օգտագործվել: Հողամասը հանդիսացել է 10.000 քմ ընդհանուր հողատարածքի բաղկացուցիչ մաս, որի շուրջ 70 %-ն արդեն կառուցապատվել է։ Վստահեցրել են, որ ներդրումային ծրագիր իրականացվել է ակտիվ քայլերով, սակայն շինարարության շարունակումը խոչընդոտվել է բացառապես վարչական և դատական վեճերով, որոնք սկսվել են 2012թ․-ից և դեռևս ավարտված չեն։ Վստահեցրել են, որ կառուցապատման միակ խոչընդոտը եղել են վարչական և դատական գործընթացները, այլ ոչ թե ընկերության անգործությունը։