Արդարությունը հաղթելու է. Միհրան Մախսուդյանը նամակ է ուղարկել կալանավայրից

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Այս պահին համերաշխության ու տոկունության կարիք ունի ոչ միայն յուրաքանչյուր պայքարի ընկեր, այլև նրանց ընտանիքները, մեր ամբողջ հասարակությունը։ Այս մմասին կալանավայրից հղած իր նամակում ասել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը»,–գրել է Մախսուդյանը։
Նա նշել է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին՝ սեփական հողին ու ջրին։ Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել է թշնամու դեմ և պատրաստ է պայքարել մինչև վերջին շունչը՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։
«Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։ Արդարությունը հաղթելու է»,–գրել է Մախսուդյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։