ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, դաժան կհնչի, բայց Արցախը հանձնեց հայ ժողովուրդը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հայ ժողովուրդը, ըստ Աշոտյանի, չպայքարեց այն իշխանության դեմ, որի ձեռքով հանձնվեց Արցախը։
«Արցախը դարձավ Նիկոլի անձնական ամբիցիաների, քաղաքական տերերի տարաբնույթ գեոպոլիտիկ կոմբինացիաների զոհ։ Կարո՞ղ է այն նորից դառնալ հայկական` այո։ Չվհատվեք, ձեր հավատքը պետք է ձեր սրտում լինի»,– ասաց նա։
Աշոտյանի գնահատմամբ, եթե համակերպվես, որ այլևս հայրենիք չես վերադառնալու, ապա չես էլ վերադառնա։ Նա հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պետության «նոր կենցեպտին»` շեշտելով, որ դրանով Փաշինյանը պայքարում է հայրենիքի դեմ։
«Չի կարող պետությունը հայրենիք լինել, որովհետև պետությունը հայրենիքի գործիքն է։ Հայրենիքն է ստեղծում պետութուն, որ այդ հայրենիքը բարգավաճ լինի, շարունակվի, այսինքն` հայրենիքը վերարտադրելու, ոչ թե հայրենիքից զրկվելու համար է։ Նիկոլի հրամցրածը քաղաքական «извращения» է»,– ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։