ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը չի բացառում նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նման հանդիպում կարող է տեղի ունենալ, երբ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքն ավարտվի։
«Նախագահն ինքը մշտապես չի բացառում նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքն ավարտվելուց հետո», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Այս ֆոնին Մոսկվան շարունակում է պատրաստվել Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցին։ Դմիտրի Պեսկովը ընդգծել է ամերիկյան կողմի հետ երկխոսության կարևորությունը.
«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պարոն Ուիտկոֆին Մոսկվայում, և այդ շփումները համարում ենք կարևոր, բովանդակալից և շատ օգտակար»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ օգոստոսի 6-ին կամ 7-ին: Այցը նախատեսված էր դիվանագետի Իսրայել այցից հետո, սակայն հանգստյան օրերին այցը չկայացավ։
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ միջնորդական ջանքերը կարևոր են բանակցային ընթացիկ գործընթացի համար.
«Այդ ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում: Աշխատանքը շարունակվում է», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվում է՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին.
«Երկխոսությունը շարունակվում է, Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքերը՝ ուկրաինական կարգավորման ուղի փնտրելով», – ընդգծել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ առաջնորդի վերջերս արված հայտարարությունները, այդ թվում՝ միջուկային թեմայի վերաբերյալ։ Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը ելնում է հիմնական պոստուլատից. միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել։
Կրեմլը, նրա խոսքով, ավանդաբար զուսպ է միջուկային անվտանգության թեմայով իր արտահայտություններում և կոչ է անում միջազգային երկխոսության բոլոր մասնակիցներին առավելագույն զգուշություն ցուցաբերել միջուկային հռետորաբանության հարցում։