ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 3-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկության հնարավորությունից օգտվել է 5206 ուղևոր։ Այս մասին հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
«Ամենապահանջված երթուղիները եղել են Երևանից Գյումրի և Սևանա լճի ուղղությամբ։ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի, մեկնել է ավելի քան 3 000 ուղևոր, իսկ Սևանի լողափեր՝ 1 500 մարդ»,–ասվում է ՀԿԵ–ի հաղորդագրության մեջ։
Ընկերությունից նշում են, որ ՀԿԵ-ն իր մասնագիտական տոնի օրը քաղաքային էլեկտրագնացքներում անվճար երթևեկության ակցիա էկազմակերպում ամեն տարի։
Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում` բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։
Հավելենք, որ Ռուսաստանում Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: Տոնը սկզբնավորվել է 1896 թվականի հունիսի 28-ին կայսր Նիկոլայ II-ի հրամանով։ 2025 թվականին այն նշվեց օգոստոսի 3-ին։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնվեց 2008 թվականի փետրվարին 30 տարով` ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: