ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երկրորդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության քրեական գործով 19 մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև 2026 թվականի հունվարի 7-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատավարությունը դռնփակ է անցել դատախազի միջնորդությամբ, որը վկայակոչել է դատավարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը:
«Կրոկուսի» չորս ահաբեկիչներից երեքը դատարանում ամբողջությամբ ընդունել են մեղքը, մեկը` մասամբ։
Փաստաբան Լյուդմիլա Այվարը, որը ներկայացնում է 127 տուժողների շահերը, լրագրողներին հայտնել է, որ «Կրոկուսի» ահաբեկչության գործով առաջին նիստն ավարտվել է առանց տուժողների հարցաքննության: Հաջորդ նիստերը տեղի կունենան շաբաթական երեք անգամ։ Մեղադրող կողմն ակնկալում է, որ գործընթացը կտևի մոտ կես տարի։
Հիշեցնենք` Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը 145 մարդու կյանք խլեց։ Հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։
Մեղադրյալները 19–ն են, նրանցից 13-ին ահաբեկչության մեղադրանք է ներկայացված, մյուսներին ՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու մեղադրանք։