ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկեց համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։ Այն սկսվեց «On the floor» երգով: Համերգը սկսվեց ուշացումով, առաջին հատվածում երկրպագուներին, այսպես ասած, տաքացնում էր դիջեյը, որից հետո բեմ բարձրացավ ինքը՝ Ջեյ Լոն։ Երգչուհին բեմ դուրս եկավ շքեղ «բոդի»-ով, ինչպես միշտ՝ շլացուցիչ տեսքով։ Առաջին իսկ վայրկյանից մարզադաշտը, կարելի է ասել, պայթեց երկրպագուների բացականչություններից։ Լոպեսը երկրպագուներին դիմեց հայերեն` ասելով` հայեր ջան։
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը
© Sputnik
«Առաջին անգամ եմ հանդիպում ձեզ հետ և շատ ուրախ եմ: Համոզված եմ` ամբողջ գիշեր հիասքանչ ժամանակ ենք անցկացնելու»,–ասաց նա հավաքված հազարավոր երկրպագուներին:
Երկրպագուները ժամը 15-ից սկսած արդեն մարզադաշտ էին եկել, հերթ կագնել՝ լավ տեղեր զբաղեցնելու համար։
Համերգի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ Ջեյ Լոն Ինստագրամի իր էջում առաջին գրառում արեց Երևանի մասին։
«Այս ամառն ազատության և հիանալի ժամանցի տոն է։ Կտեսնվենք երեկոյան, Երևան»,- գրել էր երգչուհին:
Հավելենք, որ Երգչուհին Հայաստան է ժամանել UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակներում։ Նա Երևան է եկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում համերգից հետո, երևանյան համերգից հետո մեկնելու է Ստամբուլ, ապա կրկին Ղազախստան, այս անգամ՝ Ալմաթի։ Նշենք, որ Լոպեսի երևանյան համերգի տոմսերն արժեցել են 25 000-180 000 դրամ։
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը
© Sputnik
Ըստ տարբեր տվյալների՝ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին մասնակցելու համար մոտ 15 հազար զբոսաշրջիկ է եկել։ Լոպեսի երկրպագուները ժամանել են Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով: Դրա պատճառով արդեն երրորդ օրն է, ինչ հսկայական հերթեր էին գոյանում հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» անցակետում, Հայաստան մուտք գործելիս։ Այս օրերին երևանյան հյուրանոցներում և հյուրատներում ազատ սենյակ գրեթե չկա, իսկ այն, ինչ մնացել է, աստղաբաշխական գների է։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 31–ի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, ըստ որի` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը փոխարինվեցին «Ջենիֆեր Լոպես» բառերով։ Ստացվում է` Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։
Նշենք նաև` ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ դրամ (կամ մոտ 6 մլն դոլար)։ Թեև կառավարությունից վստահեցնում էին, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու, սակայն Փամբուխչյանի այսօրվա գրառումն այլ բանի մասին է վկայում։